Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կատարվել է շուրջ 8 400 հեկտար գարնանացան։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, արդեն ցանվել է 6 300 հեկտար գարի, 370 հեկտար գարնանացան ցորեն, 556 հեկտար կորնգան, 60 հեկտար առվույտ, 160 հեկտար բազմամյա խոտաբույսեր, 780 հեկտար կարտոֆիլ, 174 հեկտար հացահատիկային եւ հատիկընդեղեն այլ մշակաբույսեր։ Գարնանացանը կշարունակվի նաեւ մայիս ամսվա ընթացքում՝ աստիճանաբար ընդգրկելով նաեւ բարձրադիր գոտիները։ «Մարզի տնտեսություններում անցած աշնանը կատարվել է 10500 հեկտար աշնանացան ցորենի ցանք։ Բոլոր ցանքատարածությունները, ըստ մեր կողմից կատարված դիտարկումների եւ հարցումների, բարեհաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար»,-տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը։