Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն մեկ շաբաթ է, ինչ արագ թափով ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ապրիլի 16-ի դրությամբ' մարզում արդեն կատարվել է մոտ 9 հազար հեկտար գարնանացան գարու ցանք:

 

Մարզ է ներկրվել եւ շահառուներին բաշխվել պահանջված քանակության եւ պետության կողմից սուբսիդավորված գարու սերմացու, դիզվառելիք եւ պարարտանյութ: Եղած տեխնիկան նույնպես բավարար է' գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար: Գյուղմեքենաների պարկի թարմացման նպատակով համայնքների կողմից ներկայացվել է 40 տրակտորի եւ 2 կոմբայնի պահանջ, որից 10 նորագույն «Բելառուս» մակնիշի տրակտոր արդեն ներկրվել է մարզ:

 

Սկսվել է նաեւ բազմամյա խոտաբույսերի ցանքը: Կարտոֆիլի ցանքը համատարած կսկսվի ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին: