Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններն արդեն նախապատրաստվում են աշնանացան ցորենի ցանքին, որը համատարած սկսվելու է սեպտեմբերի երկրորդ կեսերից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տնտեսություններում արդեն սկսվել են վարի աշխատանքները: Օգոստոսի 28-ի դրությամբ' մարզում արդեն աշնանացանի համար կատարվել է մոտ 2 հազար հեկտար վար:

 

Վարված հողերը կարող էին ավելի մեծ տարածք կազմել, եթե չխանգարեր տեւական երաշտը, ինչի հետեւանքով վարելահողերը կապված ու կոշտացած են: «Մնում է համբերատար սպասել տեղումնառատ եղանակներին եւ հուսալ, որ դրանք տնտեսություններին հնարավորություն կտան ժամանակին վարել արտերը եւ սերմացուն պահ տալ հողին:

 

Մարդիկ այս տարի հացի բարձր բերք են ստացել եւ շահագրգռված են աշնանացան ցանքերն ավելացնելու գործում»,- նշեց գյուղվարչության պետը' հավելելով, որ այս տարի հնարավոր է Գեղարքունիքում կատարվի աշնանացան ցորենի 21 հազար հեկտար ցանք' նախորդ տարվա 20 հազար հեկտարի փոխարեն:

 

Խոսրով Խլղաթյան