Գեղարքունիքի մարզի համայնքներում ապրիլի երկրորդ կեսից համատարած կսկսվի գարնանացան գարու ցանքը, որը կհասցվի մինչեւ 25 հազար հեկտարի: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված գարու բարձրորակ սերմացուի ներկրման համար Գեղարքունիքի մարզից ներկայացվել է մոտ 500 տոննայի պահանջ, որից արդեն մոտ 60 տոննան ներկրվել է մարզ եւ բաշխվում է շահառուներին: Երկրագործական տնտեսություններին թեեւ նախօրոք հայտարարվել էր, որ կառավարության կողմից սուբսիդավորված գարու սերմացուի մեկ կիլոգրամի արժեքը սահմանված է 200 դրամ, այժմ արդեն շահառուներն այն գնելու են 130 դրամով, քանի որ վերջերս այդ գնի մասին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:

 

«Գյուղնախարարի պաշտոնակատարի խոսքով` նման հանձնարարական անձամբ իջեցրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' ընդառաջելով գյուղացիների խնդրանքին: Կարծում ենք, որ այդ քայլը շոշափելի օգնություն կլինի մեր մարզի երկրագործներին, եւ առաջարկվող գինը մատչելի կլինի բոլորի համար, իսկ սերմացուի պահանջը միանգամայն կբավարարվի»,-նշեց վարչության պետը:

 

Այս օրերին գարնանացանի աշխատանքների իրականացման նպատակով համայնքեր են ներկրվում նաեւ կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ: Գյուղտեխնիկան պատրաստ ու բավարար է' գարնանացանը ժամանակին կատարելու եւ ավարտին հասցնելու համար: