«Արդար Հայաստան» կուսակցությունը, որի նախագահը փաստաբան Նորայր Նորիկյանն է, ևս հայտ է ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Քիչ առաջ կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ ժամանեցին, փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասացին, որ ցուցակը, ամենայն հավանականությամբ, կհրապարակեն վաղը. «Մուտք արեցինք բոլոր պահանջվող փաստաթղթերը, ցուցակի հետ կապված ունենք պաշտոնական հայտարարություն, որը կհրապարակենք քիչ ուշ»,- նշեցին «Արդար Հայաստան» կուսակցության անդամներից:
Լրագրողների այն հարցին, թե ում կարող են տեսնել այդ ցուցակում, արդյոք ծանոթ դեմքեր կլինեն, վերջինս պատասխանեց. «Հայտնի անուններ, վստահաբար, դուք կտեսնեք ցուցակում: Այստեղ ներգրավվել են մարդիկ, որոնք պրոֆեսոր են, դասախոսներ, լեզվաբաններ, մանկավարժներ, դիվանագետներ ու քաղաքագետներ»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք դաշինք չեն կազմելու, ընտրություններին մասնակցելու են առանձին. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, սակայն մինչև այս պահը մենք որևէ դաշինք չենք կազմել մասնակցելու ենք առանձին»,- նշեց նա:
Վերջինս ընդգծեց, որ իրենց ցուցակը բաղկացած է 85 թեկնածուից:
Իսկ իրենց շանսերը գնահատում են ըստ ժողովրդի գիտակցության. «Մեր շանսերը ուղիղ համեմատական է ժողովրդի գիտակցության հետ: Շանսերը գնահատում ենք բարձր, մարտական ենք տրամադրված ու հասկանում ենք, թե ինչի համար ենք մասնակցում ընտրություններին: Մենք այն ուժն ենք, որը ի զորու է պետական շահը կարևորել և կարողանալ ժողովրդի խնդիրներին լուծում տալ»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը:
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ ԿԸՀ է ներկայացել 3 քաղաքական ուժ։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը փասատթղթերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00։