ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
«Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջառանությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Սահմանվում են դրանց լիցենզավորման առանձնահատկությունները և քվոտավորման պահանջները»,- ասաց Գաբրիելյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական և որոշ այլ լրամշակումներ:
Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են: