ԲՏԱ նախկին նախարար, ներկայումս ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր խոսել է ՏՏ ոլորտի ապագայի մասին: «2020 թվականի տվյալներով՝ շրջանառությունը հասել է 200 մլրդ դրամի, աշխատողների թիվը՝ 18 հազար, ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 3.2 տոկոս: Սա նշանակում է, որ շրջանառությունը եռապատկվել է, իսկ ՀՆԱ-ում մասնաբաժինը կրկնապատկվել է։ Մինչեւ 2025 թվականը ոլորտը հավակնում է ունենալ 500 մլրդ դրամի շրջանառություն, աշխատողների թիվը գերազանցել է 35 հազարը, իսկ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում հասել է 6.2 տոկոսի: Այս պահին երկրին բարձր տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ կլինեն 16 հազար նոր աշխատակիցներ»,- ասել է նա:
Ըստ էության, Արշակյանը փորձում է հանրությանը ցույց տալ, որ արձանագրված ցուցանիշները նաև իր շնորհքն են, սակայն, հանրությունը շատ լավ է հիշում, թե Արշակյանի նախարար աշխատած տարիներին բարձր արդյունաբերական տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտը ինչ «բարձունքների» է հասել: Արշակյանն ի պաշտոնե ուշագրավ խոստումներ էր տվել: Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այդ խնդրի լուծումը նախարարը, թերևս, տեսնում է օրինակ' Յութուբից ստացվող շահույթը հարկելով, քանի որ տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն դառնալուց Հայաստանն այս պահին այնքան հեռու է, որքան դա ընդհանրապես հնարավոր է:
Նախարարության վերակազմակերպումից հետո Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո եւ, ըստ էության, կառավարությունում ստեղծել են իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաները կիրառելով՝ ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ եւ ծրագրեր՝ զենքի, զինամթերքի, սպառազինության արդիականացման մասով: Այժմ հարց՝ իսկ որտե՞ղ են այդ մշակումները և ծրագրերը, ինչո՞ւ դրանք չօգնեցին և չաշխատեցին պատերազմի օրերին:
Հետևաբար, եթե ինչ-որ մեկն էլ պետք է խոսի ոլորտում առկա հաջողությունների մասին, ապա դա, վստահաբար, Արշակյանը չէ...: