ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը այսօր հայտարարել է, որ ՔՊ-ի քաղաքականությունն է պադավատապետությունից անցնել դեպի պատասխանատու շարժական գույքի օգտագործում: Այս հայտարարությունը առաջին անգամ չէ որ լսում ենք, նման պնդումներ արել է նաև ինքը` Նիկոլ Փաշինյանը, և այլ կալիբրի իշխանական պաշտոնյաներ: Սակայն, չգիտես ինչու, սայլը տեղից առանձնապես չի շարժվում:
Հակոբ Արշակյանը իրենց քաղաքականության մասին խոսելիս արդյո՞ք տեղյակ չէ, որ որոշ ՔՊ-ականներ այդ քաղաքականությանը չեն հետևում: Դիցուք՝ դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով եւ ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաեւ մասնավոր անձից եւ լինել օգտագործված։
Մամուլում նաև տեղեկություն էր հրապարակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գնված 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենայի մասին, որը գնահատվում է մոտ 550 հազար դոլար:
Շիրակի մարզպետարանում ծառայողական մեքենաները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ընդամենը մեկով:
Վայոց Ձորի մարզպետարանում ծառայողական ավտոմեքենաների քանակը չի կրճատվել:
Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։
Այսքանից հետո հասկանալի չէ, թե ինչով է հպարտանում Հակոբ Արշակյանը, միթե՞ նա չի տեսնում, որ իրականում իշխանության ներկայացուցիչները իր ասած և հռչակած քաղաքականությամբ չեն առաջնորդվում և փոխարենը` ավելացնում են պլպլան պադավատների թիվը...