Տարածված տեղեկությունների համաձայն՝ երեկ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 16-ամյա տղան դեպքի նախորդ օրը տոնել էր ծննդյան տարեդարձը: Այդ օրը դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել: Ժամեր անց նրա մահվան լուրն է տարածվել:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց՝ ըստ ականատեսների՝ տղան եղել է միայնակ և ինքն է իրեն նետել կամրջից:

«Իրավապահների հետ զրույցում ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր գնալ այդպիսի քայլի: Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չի եղել»,- ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով.

«Դեպքի նախորդ օրը ծնողների, հարազատների հետ տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»,- ասաց ՔԿ-ի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները Հ․ Ա․-ի (ծնված 2005 թ․) դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Սոնա Հարությունյան