Ադրբեջանը ցանկություն էր հայտնել ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի, ինչը մեզ համար անընդունելի է եղել։ Մենք առաջնահերթություն ենք համարել միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք չունենալ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմի մաքսակետեր ստեղծելն ի՞նչ հակակշիռ է լինելու, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դա հակակշռի համար չէ արվում։
«Դա ընդհանուր տրամաբանությունն է։ Այդ ճանապարհներն Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում, մենք նույնպես համապատասխան գործընթաց ենք իրականացնելու»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևէ համայնք շրջափակման մեջ չէ։ Նա նշեց, որ ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար։
«Այդ համայնքներում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը՝ ստացվում է Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածից հրաժարվո՞ւմ ենք, ԱԽ քարտուղարը նշեց, որ այդ ճանապարհի մի մասն, ըստ գոյություն ունեցող իրավական քարտեզների, երբեմն անցնում է ՀՀ-ի տարածքով, երբեմն անցնում է Ադրբեջանի տարածքով։