ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ' մեկ ամիս ժամկետով' 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը:
Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ը' շարքային կազմի, 28-ը' ենթասպայական կազմի, 13-ը' սպայական կազմի պահեստազորայիններ:
ՀՀ առողջապահության նախարարին
ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարինվարժականհավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասվում է որոշման մեջ: