Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթնաժողով անցկացնելու գաղափարն անիմաստ է, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։
«Փաստն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի շուրջ հակամարտող կողմ չէ։ Խնդիրը լուծելու ուղիներ գտնելն անհնարին կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։ Պեսկովի խոսքով՝ հակամարտության կողմերն են Կիևը և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները։
Այսպես, նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է «Էխո Մոսկվի»-ի թղթակցի հարցին այն մասին, որ լրագրողներն ունեն տվյալներ, ըստ որոնց՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին և Զելենսկուն հրավիրել է գագաթնաժողով անցկացնելու։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկությունը՝ միջնորդ դառնալ Կիևի և Մոսկվայի միջև: