Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն CBS հեռուստաալիքի եթերում գնահատել է COVID-19-ի ընթացքը կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ նոր շտամով վարակվածները COVID-19-ը հաղթահարում են ավելի մեղմ ձևով, սակայն այս ցուցանիշի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է։
Մասնագետը բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, որ ամբողջ ցիկլը անցնելու գործընթացը՝ վարակից մինչև ամբողջական վերականգնում, ժամանակ է պահանջում։ «Կարող է մի քանի շաբաթ տևել, մինչև մենք իսկապես հասկանանք, թե այս հիվանդներից քանիսի մոտ կզարգանա հիվանդության ծանր ընթացք»,֊նշել է վան Կերխովեն:
Եթե նույնիսկ դա թեթև հիվանդություն է, փորձագետի խոսքով, պետք է արագ գործել՝ օմիկրոն շտամի տարածումը վերահսկելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ «Ավելի շատ դեպքեր կարող են նշանակել ավելի շատ հոսպիտալացումներ։ Ավելի շատ հոսպիտալացումներ կարող են նշանակել ավելի շատ մահեր», - ասել է նա: