Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան Նազարբաեւի օդանավակայանից դեպի Ալմաթի մոտակա բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նուր-Սուլթանի օդանավակայանի մոտ մի քանի զրահափոխադրիչ է տեղակայվել, շուրջբոլորը մարտական հերթապահություն է իրականացվում։ Մեկնման սրահի մուտքի մոտ հերթ է կուտակվել, քանի որ անվտանգության աշխատակիցները մարդկանց այնտեղ չեն թողնում։ Կարող են անցնել միայն մոտակա չվերթների ուղեւորները։
Բացի այդ, մեկնման սրահ արգելվում է մտնել նաեւ մարդկանց, ովքեր ծրագրել էին թռնել Ալմաթի: Հարցին, թե ինչպես կարելի է հասնել այդ քաղաք, անվտանգության աշխատակիցներն ասում են, որ չգիտեն:
Հինգշաբթի գիշերը Ալմաթիի պարետատունը հայտնել էր, որ իրավապահ մարմինները հակաահաբեկչական հատուկ օպերացիա են սկսել։ Քաղաքում բջջային կապն ու ինտերնետն անհասանելի են: