2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սոչիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հրապարակել էր 2022 թվականի քաղաքային միջոցառումների հակահայկական ծրագիրը։ Հատկանշական է, որ այնտեղ նշվում էր՝ Սոչիում նոյեմբերի 8-ին պատրաստվում են տոնել, այսպես ասած, «Ադրբեջանի պատերազմում կրած հաղթանակի օրը», ինչը շարժել էր հայերի զայրույթը: Այս առիթով մեծ աղմուկ բարձրացավ համացանցում․ Սոչիում բնակվող հայերն սկսեցին ահազանգել և համախմբվել ազգի համար կարևորագույն հարցի շուրջ։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ հայերը խնդրին լուծում տալու նպատակով դիմել էին հայազգի գործարար, Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանին, ով առավել հայտնի է Ռոբսոն անունով։ Նրա անմիջական միջամտությունից հետո Սոչիի քաղաքապետարանի կայքից իսկույն հեռացվեց հակահայկական բովանդակություն ունեցող քաղաքային միջոցառումների խայտառակ և կործանարար ծրագիրը, ինչից հետո քաղաքային իշխանությունները տարածեցին հերքման հաղորդագրություն՝ ներողություն խնդրելով հայերից։ Հաղորդագրության մեջ պատճառաբանվում էր, թե կեղծ տեղեկությունը կայքէջում հայտնվել է հաքերային հարձակման հետևանքով, և իրենք չեն ունեցել ազգամիջյան ատելություն հրահրելու միտում։

Համարել, թե Սոչիի քաղաքապետարանի կայքէջն այդքան հեշտ էր հաքերային հարձակման ենթարկելը, այդքան էլ իրատեսական չէ, փաստը մնում է այն, որ անկախ ամեն ինչից` այդ ծրագիրը որոշ ժամանակ տեղ է գտել նրանց քաղաքային միջոցառումների շարքում։

Կատարվածը Սոչիի քաղաքային իշխանության կողմից դիտավորություն կարելի է համարել, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ուշագրավն այն է, որ Ռուբեն Թաթուլյանի ջանքերի շնորհիվ հայության համար այս կարևորագույն հարցը կարգավորվեց և Սոչիում կանխվեցին հայ-ադրբեջանական բախումները։ 

Հարկ է նշել, որ սա միակ դեպքը չէ, երբ հայազգի գործարարը հայության կողքին է և պատրաստակամ լուծել ցանկացած ազգակործան խնդիր։