Կանադայի արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է իր քաղաքացիներին ուղղված ճամփորդական խորհուրդները՝ կոչ անելով նրանց լքել Ուկրաինան և չմեկնել այնտեղ՝ երկրի և Ռուսաստանի միջև զինված հակամարտության վտանգի պատճառով, հաղորդում է Gazeta.ru-ն։
Կանադայի իշխանությունները նշել են, որ Ուկրաինայի տարածքում գտնվելու դեպքում պետք է այն լքել կոմերցիոն թռիչքներով, «քանի դեռ դրանք հասանելի են»։ Ըստ նրանց՝ 2021 թվականի նոյեմբերից Ռուսաստանը «կառուցում է իր ռազմական ներուժը» ռուս-ուկրաինական սահմանին, և վտանգը կտրուկ աճել է։
«Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում կարող են խաթարել տրանսպորտային երթուղիները և տարբեր ծառայությունները ողջ երկրում։ Թռիչքները կարող են անմիջապես ընդհատվել կամ չեղարկվել, ինչը կհանգեցնի չվերթերի հետաձգման։ Նրանց թիվը նույնպես կարող է նվազել՝ դժվարացնելով երկրից հեռանալը։ Հեռահաղորդակցության հասանելիությունը նույնպես ցանկացած պահի կարող է ընդհատվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունում ընդգծել են, որ «ներխուժումը» կարող է ազդել Կանադայի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի և հյուպատոսական ծառայությունների մատուցման վրա, ինչի պատճառով «պետք չէ ապավինել կառավարության օգնությանը երկրից հեռանալու գործում»։
Կանադայի իշխանությունները նաև մի շարք առաջարկություններ են ներկայացրել այն դեպքում, եթե Ուկրաինայում գտնվող քաղաքացիները չհետևեն իրենց խորհուրդներին։ Մասնավորապես, նրանք խորհուրդ են տվել հետևել ամենավստահելի լրատվական աղբյուրներին, վերանայել իրենց անվտանգությունը, պատրաստ լինել ապահով վայրում ապաստանելու, կապի մեջ մնալ ընտանիքի հետ և գրանցվել արտասահմանում կանադացիների հատուկ գրանցամատյանում: