Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է. «Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով: Տիկին Ռոտենբերգը հանդես է եկել մարզաձևի զարգացմանը միտված նախաձեռնությամբ, արդեն ապացուցել է, որ խանդավառ աշխատանքի շնորհիվ կարող է նաև մրցումներ կազմակերպել: Իհարկե, մենք շատ ավելի էական սպասելիքներ ունենք, ու որպեսզի դրանք իրականություն դառնան, մենք պարոն Վանոյանի առաջարկով որոշել ենք որոշակի կարգավիճակ շնորհել տիկին Ռոտենբերգին, որպեսզի միջազգային ասպարեզում ևս հնարավոր լինի նպատակային և օգտակար գործունեություն ծավալել»:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն: «Երկրի սպորտի ղեկավար մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, դեմ չէ այս համագործակցությանը և համաձայն է՝ բոլոր մարդիկ, ովքեր մտածում են մեր սպորտի զարգացման մասին, ունենան որոշակի դիրք և իրենց առաքելությունը կատարեն հավուր պատշաճի՝ ի շահ և ի նպաստ հայկական սպորտի զարգացման»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար. «Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել: Անպայման խորհրդակցելու եմ այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր ունեն փորձ: Հուսով եմ՝ իմ ծրագրին շատերը կաջակցեն, թեև գիտեմ՝ հեշտ չի լինելու:
Իմ կողմից ամեն ինչ կանեմ այս մարզաձևի զարգացման համար: Կփորձեմ ներգրավել հովանավորների, աջակիցների: Մտադիր եմ նաև վերահսկել մարզումային գործընթացը: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում: Այդ դեպքում կհասկանանք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: Արդեն իսկ դրական տեղաշարժ ենք նկատում. մարզուհիներն ավելի մոտիվացված են, ձգտում են չբացակայել մարզումներից, իսկ ծնողները շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ իրենց մոտ հույս եմ արթնացրել»:
Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ. «2022 թվականն ինձ ու առհասարակ մեր մարզաձևի համար շատ կարևոր է լինելու: Շատ նպատակներ կան, որ այս տարի կիրականացվեն՝ ի նպաստ գեղարվեստական մարմնամարզության զարգացման»:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշել է՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները. «Մեր գործունեության սկզբունքներից մեկն է համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու մարմնամարզությանը. պատրաստ ենք ընդունելու նրանց:
Տիկին Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել եմ մեր մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները: Կարծում եմ՝ նման մարդկանց անհրաժեշտ է հնարավորություն տալ»: Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Նատալյա Ռոտենբերգին ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը վստահելու թեմայով բազմաթիվ քննարկումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ. «Սա միայն իմ որոշումը չէ: Զրուցել եմ մասնագետների հետ ու լսել նրանց տեսակետները: Մեծամասնությունը կողմ է եղել այս նշանակմանը: Կարծում եմ՝ կկարողանանք զարգացնել ու առաջ տանել այս մարզաձևը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ հույս է հայտնել՝ շուտով հերթական հաղթանակի առթիվ շնորհավորելու առիթներ կունենա:
«Պետությունը կողմ է բոլոր այն գաղափարներին և համագործակցություններին, որոնք ուղղված են սպորտի զարգացմանը: Կանենք մեզնից կախված ամեն բան, բայց պետք է նշել՝ պետությունն էլ իր սահմանափակումներն ու միջոցներն ունի: Զարգացրե՛ք սպորտն ու ինձ հնարավորությո՛ւն տվեք մեզ ու ձեզ շնորհավորելու հերթական հաղթանակի առթիվ»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը: