Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում,- գրում է Shamshyan.com-ը։ 

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։  Այս պահին ոստիկանությունն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեգետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվում է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, երևի գազի բալոնից է առաջացել պայթյունը», և մատնացույց էին անում 3 կգ-անոց գազաբալոնը։