ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրամյանը: ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե երբ է կուսակցությունը քննարկելու կադրային հարցեր, Հովիկ Աբրահամյանը տվել է հետեւյալ պատասխանը.
«Օրը չգիտեմ, բայց առաջիկայում անպայման քննարկելու ենք, այնպես որ ես համոզված եմ, որ մինչեւ ապրիլի վերջ կքննարկենք անպայման»: Անդրադառնալով այն հարցին, թե կլինեն արդյոք էական փոփոխություններ կառավարության կազմում, ԱԺ նախագահը ասել է. «Չէի ցանկանա շտապել, բայց փոփոխություններ կլինեն, իսկ էականը շատ հարաբերական է, հիմա որ երկու նախարար փոխվի էակա՞ն է, թե՞ ոչ»:
Մեր այն հարցին, թե ինչու բողոքի ակցիայի մասնակիցներից ոչ մեկը այդպես էլ չմոտեցավ, Հովիկ Աբրահամյանը արձագանքեց.
«Ես ճիշտն ասած շուտ եմ եկել եւ չեմ տեսել, եթե տեսած լինեի, ապա անպայման կմոտենայի»:
Լրագրողները ԱԺ նախագահից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ նախագահը ապրիլի 9-ի իրադարձություններին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: «Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթքը, թե երդումը չգիտեմ: Ես անկեղծ չեմ տեսել, թե ինչպես էր աղոթում, պատմեցին, որ միասին գնացել են աղոթելու, բայց չեմ տեսել»:
Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված դեպքին, Հովիկ Աբրահամյանը ասել է. «Նման յուրաքանչյուր երեւույթ քննադատում եմ, իրոք դա հարիր չէ մեր ժողովրդին եւ ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է խաղաղ քննարկումների, բանակցությունների արդյունքում ավարտենք: Դուք էլ եք խոսում, քննարկում, օրինակ' ինչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալություն, օրինակ դուք ինչու՞ եք նման բան ասում, այդպիսի բան գոյություն ունի՞ ընդհանրապես, ի՞նչ երդմնակալության մասին է խոսքը»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը եւս հիասթափվել է Րաֆֆի Հովհաննիսյանից: Իսկ հարցին, թե ի՞նչ էիք սպասում նրանից, վերջինս արձագանքել է.
«Ես ակնկալում էի մեր առաջարկը' հանրապետության նախագահի առաջարկը, որը արվեց Րաֆֆի Հովհաննիսյանին' դառնալ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ եւ լուրջ ռեֆորմներ իրականացնել, որոնք կնպաստեին մեր երկրին»:
Հովիկ Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ այդ բանակցությունները սպառված են, չնայած որ ամեն ինչ որոշելու է Սերժ Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան