ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, բայց դժվար թե Կիևին տան այն, ինչ նա ցանկանում է: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խնդրին ծանոթ մի քանի աղբյուրներ ասում են, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները այժմ կշռադատում են, թե ինչպես Արևմուտքը կարող է Ուկրաինային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ տրամադրել, եթե նա հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտից՝ որպես զիջում Ռուսաստանին՝ պատերազմի ավարտի համար (հենց համանման սխեմա է առաջարկում Կիևը Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ):
Այնուամենայնիվ, աղբյուրները նշում են, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ի վերջո Ուկրաինային առաջարկեն իրավականորեն պարտադիր պաշտպանություն, որը նա պահանջում է:
Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաներ ընդունում են, որ մեկ այլ գործարք, ինչպիսին Բուդապեշտի հուշագիրն է, օգտակար չի լինի։
«Արևմտյան մամուլը հաղորդում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները իրականում պատրաստ չեն անվտանգության երաշխիքներ տալ, որոնք Ուկրաինան ցանկանում է ստանալ ոչ դաշինքային կարգավիճակի դիմաց։ Սա վատ ազդանշան են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների համար: Քանի որ այս կետը (երաշխիքների դիմաց ՆԱՏՕ-ի մերժումը) առանցքային է բանակցություններում»,- ասվում է «Երկրի քաղաքականություն» Telegram ալիքի՝ իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ։
«Չնայած, առայժմ լրատվամիջոցների տեղեկատվությունը ոչ պաշտոնական է, պաշտոնապես Սպիտակ տունը խոստացել է միայն դիտարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հնարավորությունը»,- եզրափակում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ըստ ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի, պետք է լինեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի ավելի խիստ տարբերակը, ըստ որի՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակվեն, Դաշինքի մնացած անդամները պետք է պաշտպանեն այն:
Որպես երաշխավորներ՝ համարվում են ռազմական հզոր երկրները, որոնք ունեն միջուկային զենք՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։ Սակայն, ըստ Պոդոլյակի, ավելի շատ երկրներ կարող են միանալ պայմանագրին։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել էր գնահատել Վլադիմիր Զելենսկու հետ իր վերջին զրույցը և մանրամասնել՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի երաշխիքային ծրագրին միանալու հարցը։