Ավելի քան 250 ուկրաինացի զինվորներ հանձնվել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից, այդ թվում՝ 51 վիրավոր։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ընդհանուր առմամբ, Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից 256 ուկրաինացի զինյալ է հանձնվել, գերիների թվում վիրավորների թիվը 51 մարդ է», - ասվում է շտաբի հեռագրային ալիքում։
Ներկայումս վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվում, հավելել են շտաբից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ երկուշաբթի օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ազովստալի» տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի վիրավոր զինծառայողներին գործարանից դուրս բերելու վերաբերյալ։ ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողները տեղափոխվում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի բուժհաստատություն և նրանց տրամադրվում է ողջ անհրաժեշտ օգնությունը։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ մայիսի 16-ին 53 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորներ «Ազովստալից» տարհանվել են ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածք՝ Նովոազովսկ, իսկ 211 ուկրաինացի զինվոր հումանիտար միջանցքով տեղափոխվել է Ելենովկա (ԴԺՀ):