Բրիտանական «1922 թվականի կոմիտեն», որը համախմբում է ոչ կառավարական պահպանողական պատգամավորներին, այսօր՝ հունիսի 6-ին, կքվեարկի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեդին, հայտնում է ITV-ն։ Քվեարկությունը սկսելու համար Պահպանողական կուսակցության անդամներից առնվազն 54 նամակ պետք է ստացվեր։
«Կուսակցության ղեկավարի նկատմամբ վստահության քվե կազմակերպել ցանկացող պատգամավորների 15 տոկոսի շեմը հաղթահարված է։ Կանոնակարգի համաձայն՝ քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 18:00-20:00֊ը: Դրանից անմիջապես հետո բոլոր ձայները կհաշվարկվեն»,- ասել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ վերջնական արդյունքի հրապարակման ժամը կհայտարարվի ավելի ուշ։
Բրեդին չի նշել, թե քանի նամակ է հավաքվել։
Իր պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ կլինի իր կուսակից գործընկերների մեծամասնության (180 և ավելի) աջակցությունը, որից հետո նա առնվազն մեկ տարի պաշտպանված կլինի նմանատիպ դեմարշի կրկնությունից։ Եթե Ջոնսոնը ստանա անվստահության քվե, նա պետք է հրաժարվի Պահպանողականների առաջնորդի, ինչպես նաև վարչապետի պաշտոնից։
Բրիտանացի պատգամավորների դժգոհության պատճառը վարչապետի մասնակցությունն է համաճարակի ժամանակ Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթներին։ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է լքել իր պաշտոնը։ Հայտնի է, որ բրիտանացիների կեսից ավելին կողմ է նրա հրաժարականին։