Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություններին Ուկրաինայի ներկայացուցիչները չեն հրավիրվել։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը՝ ի պատասխան RBC-Ukraine-ի թղթակցի հարցին։
«Ինձ չեն հրավիրել, այսօր էլ արտաքին գործերի նախարարին չեն հրավիրել: Խոսվում է, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել: Ես խոսել եմ Էրդողանի հետ, մենք խոսել ենք այս մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայումս թուրքական կողմը ձևաչափ է փնտրում, թե ինչպես Ուկրաինայից «հացահատիկային միջանցքի» անվտանգության երաշխիքներ տրամադրի։
«Կարծում եմ՝ հենց դրա համար են նրանք հանդիպում ռուսների հետ, որպեսզի Ռուսաստանը երաշխիքներ տա Թուրքիային, որ իր նավերին ոչինչ չի պատահի։ Բայց հանդիպման մանրամասներն ինձ հայտնի չեն», - հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ այս շաբաթ աշխատանքային այցով Թուրքիա կժամանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Կողմերը կքննարկեն Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան արդեն պայմանավորվել են Օդեսայից հացահատիկի արտահանման ճանապարհային քարտեզի շուրջ։ Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, այս հարցը քննարկվել է՝ առանց Ուկրաինայի մասնակցության։