Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Քաղսի գյուղի վերջնամասում բախվել են 35-ամյա Էդգար Աբրահամյանի վարած Mercedes C550 մակնիշի և 46-ամյա Հայկ Գևորգյանի վարած Toyota Sprinter մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ն դուս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ապա Toyota-ի ուղևորներ՝ 37-ամյա Սաթենիկ Միքայելյանին, 41-ամյա Հասմիկ Գևորգյանին և 32-ամյա Գեղեցիկ Պառազյանին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են նշված բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։