Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Բեն Սթիլլերի հետ, ով այցելել էր Ուկրաինա՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) բարի կամքի դեսպան։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում։ Սթիլլերն ասել է, որ Զելենսկին «իր հերոսն է»։
«Մի բան է տեսնել այս ավերածությունները հեռուստացույցով կամ սոցիալական ցանցերում, մեկ այլ բանէ տեսնել այս ամենը սեփական աչքերով: Սա շատ ավելի տպավորիչ է», - ասել է Սթիլլերը:
«Այն, ինչ դուք տեսաք Իրպինում, անկասկած, սարսափելի է: Բայց ավելի սարսափելի է միայն պատկերացնել, թե ինչ է կատարվում արևելքի ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող բնակավայրերում», - ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը և ՄԱԿ֊ի ՓԳՀ-ի բարի կամքի դեսպանը քննարկել են ժամանակավոր տեղահանվածների կարիքները Ուկրաինայում, ինչպես նաև Լեհաստանում, ուր Բեն Սթիլլերը այցելել էր նախօրեին:
Զելենսկին և Սթիլլերը խոսել են նաև տեղահանված ուկրաինացիների, այդ թվում՝ երեխաների իրավունքների հնարավոր ոտնահարման մասին։