Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ:
«Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացությանը, որ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով' կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ և այդ խնդիրը կլուծվի»,-ասաց նա՝ հավելելով, որ նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել և տեղորոշել կամավորներին՝ ըստ վայրերի: