Ինչպես հայտնի է, Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 13-ին, ի պաշտպանություն հայ ժողովրդի, միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։ Որքանո՞վ է հավանական Ֆրանսիայի կողմից նման պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն, ըստ ամենայնի, մոտ են խաղաղության պայմանագիր ստորագրելուն։
«Ե՛վ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ դրան հաջորդող ադրբեջանական ռազմական սադրանքների ընթացքում Ֆրանսիայում միայն խաղաղության կոչեր էին հնչում, և ոչ մեկն, ըստ էության, չտադապարտեց Բաքվի կատարած վայրագությունները, մարդկային իրավունքների կոպիտ խախտումները, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները, ռազմագերիների սպանություններն ու տեսանյութերի տարածումը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Ֆրանսիայի Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը։
Ֆրանսահայ գործչի պնդմամբ, խաղաղության կոչ անել պատմականորեն խաղաղասեր ժողովրդին՝ հայերին, աբսդուրդ է, ինչը նշանակում է՝ որքան էլ Ֆրանսիան կամ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեն, թե Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են, իրականում՝ իրենց շահերն ունեն։ Խանջյանին հիշեցրինք Մակրոնի՝ երեկ հնչեցրած խոսքերը, թե ինքը միշտ հայերի կողքին է և որ Ֆրանսիան անհնար է կաշառել գազով, նավթով և այլն, մեր զրուցակիցը նշեց․
«Մակրոնի բառերը, կամ որևէ մեկի խոսքերը չէ, որ պետք է պաշտպանեն մեր զինվորին, մեր ժողովրդին։ Այո, Ֆրանսիան բարյացկամ վերաբերմունք ունի հայության և Ֆրանսիայում ապրող՝ հայկական արմատներ ունեցող շուրջ 600-700 հազար հայության նկատմամբ, բայց Ֆրանսիան իր շահերն ունի, որոնք, դժբախտաբար, չեն համընկնում 30 տարի պետականություն ձեռք բերած Հայաստանի շահերի հետ։ Լավ կլիներ, եթե Հայաստան ասելիս՝ Մակրոնը նկատի ունենար Ուկրաինան կամ Սիրիան, չէ՞ որ հիշում ենք, թե ինչ օգնություն ու աջակցություն ստացան և ստանում են այդ երկրները պատերազմի ժամանակ։ Ի՞նչ է, հայ զինվորը արյուն թափի, զոհվի հայրենիքը պաշտպանելու համար, իսկ նրան ընդամենը խաղաղության կո՞չ անեն»։
Նման խոսքերով, ըստ Խանջյանի, Մակրոնը փորձում է սիրաշահել հայությանը, ինչ-որ առումով՝ ֆրանսահայությանը՝ մղելով դառնալու ավելի օրինապաշտ, աշխատասեր քաղաքացիների, որպեսզի նրանց օրինակը ցույց տա մյուս գաղթականների մոտ՝ իբրև օրինակելի համայնք։
«Լավ է, որ այդպես է, բայց չպետք է գոհանանք այդքանով, դեռ շատ անելիք ունենք, որ մեր հայերի ձայնը լսելի լինի ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում։ Իրականում, այսօր հայ ժողովուրդը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ չպետք է ուրիշից ակնկալել մի բան, որ ինքներս պետք է անենք»,-ընդգծեց ֆրանսիական Իսե լե Մուլինիոյի հայազգի փոխքաղաքապետը։
Արա Ալոյան