Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները շարունակում են բուժվել Հանրապետության միակ մանկական պոլիտրավմայի կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։
Չնայած եղանակային վատ պայմաններին ու մառախուղին՝ բուժկենտրոնի բժիշկները երեխաներին սանավիացիայի ուղղաթիռով են տեղ հասցրել: Ամեն վայրկյանը թանկ էր: Երկու կյանք խլած վթարից 10-ամյա աղջնակը ստացել է գանգուղեղային տարբեր վնասվածքներ, գանգի կոտրվածք, արյունազեղում, թոքերի երկկողմանի սալջարդ, ձախակողմյան թոքի պատռվածք, ողերի կոտրվածքներ, ձախ բազկոսկրի կոտրվածք:
Բուժկենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, 2-3 աստիճան կոմայով, միացված է եղել արհեստական շնչառության սարքին:
Այժմ շնչում է ինքնուրույն, առկա է քիչ, բայց դրական դինամիկա: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում նաև նյարդավիրաբուժական, կրծքային վիրաբուժական ու վնասվածքաբանական բաժանմունքների մասնագետների կողմից:
6-ամյա տղայի մոտ էլ առկա էր գանգուղեղային վնասվածներ, ուղեղի ցնցում: Նյարդավիրաբուժական բաժանմունքի հմուտ մասնագետների ջանքերի շնորհիվ տղան դուրս է գրվել բուժկենտրոնից: