Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահություն է հայտնել, որ Չինաստանը զգալի տեղեկատվություն ունի, որը կարող է լույս սփռել COVID-19-ի ծագման վրա և Պեկինից պահանջել է անհապաղ տարածել համապատասխան տվյալները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Առանց Չինաստանի ունեցած տեղեկատվության լիարժեք հասանելիության՝ ցանկացած վարկած կարելի է դիտարկել», - Ժնևում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Ուստի մենք խնդրում ենք Չինաստանին այս հարցում համագործակցել»,- ասել է նա։
«Եթե Պեկինը տրամադրի բացակայող տվյալները, մենք կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչպես է այն սկսվել»,-ասել է Գեբրեյեսուսը։
COVID-19-ի ի հայտ գալուց ավելի քան երեք տարի անց համաճարակի ծագումը դեռ թեժ վիճարկվում է։ Այս հարցը պառակտել է գիտական հանրությունը և նույնիսկ ԱՄՆ կառավարության գերատեսչությունները:
Ոմանք հավատում են այն տեսությանը, որ վիրուսը բնականաբար կենդանիներից փոխանցվել է մարդկանց, իսկ մյուսները ենթադրում են, որ վիրուսը արտահոսել է Ուհանի լաբորատորիայից, ինչը Չինաստանը կտրականապես հերքում է: