Երեկ՝ հունիսի 8-ին, վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսում է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Եվ այդ խոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։

Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։

Տան այգում, խոտերի մեջ հայտնաբերում է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում է 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։Այունհետև ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքն իր արդյունքն է տալիս։

Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։ Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնում է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է պլաստմասե շշերի միջոցով ծխելու եղանակով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։