«Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որի արդյունքում' ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Այնտեղ նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, որոշում է հիմնական մոտեցումները, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանը հատելու կարգը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված ծավալուն հարցազրույցում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։
Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղել, եղել է պատերազմ, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկե, իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կտեղաշարժվեն, բնականոն կյանքը կվերականգնվի։ Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ։ Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես, թե որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տանը խաղաղության համար չկորցնել այս ընդհանրությունը հետխորհրդային տարածքում և այն փոխանցել հաջորդ սերունդներին։
Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։
Դուք հարցրեցիք, թե երբ է լինելու ԼՂ ապաշրջափակումը։ Այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»,-ասել է Օվերչուկը։