«Ադրբեջանը ձգտում է այն պայմանի կիրառման, որ Արցախի պաշտպանության բանակը լուծարվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` անդրադառնալով ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։
«Սա շոու է նաև միջազգային հանրության համար, նրանք ասում են ահա տեսեք, հայերը Արցախում օկուպացնում են տարածքներ դրա համար մենք փակում ենք Բերձորի միջանցքը, որ շրջանցիկ ճանապարհներով իրենք իրենց զորքերը այնտեղ չբերեն»,-ասաց Գրիգորի Այվազյանը և նշեց, որ Ադրբեջանը հիմնականում այս ուղղությամբ է աշխատում և փորձում նոր զիջումներ կորզել։
«Այստեղ զարմանալին այն է, որ սահմանային դեպքերի ներքո հանդիպում է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ասում են որոշակի տեղաշարժ կա որոշ հարցերով, այնուհետև Արցախի Հանրապետությունը հայտարարում է, որ դադարեցնեն բանակցությունները, այսինքն երևում է երկպառակտությունը Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Արցախում տարբեր խմբերի միջև: Դա ակնհայտ է և լավ բանի ցավոք չի բերելու, բայց ես հույս ունեմ, որ մեր ազգի խոհեմությունը կհաղթահարի իրավիճակը արժանապատվությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հեշեցնենք, որ Ադրբեջանի պնդումը, թե ԼՂ-ում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, ինչը ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել են փաստաթղթեր։