Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների և մեկ դաշինքի ծրագրերն, ըստ էության, կտրուկ չեն տարբերվում միմյանցից, բացառությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրի, որի միակ տարբերությունն այլ ուժերի այն է, որ կան ապագայի ծրագրեր՝ կապված կոնկրետ քայլերի հետ:
Tert.am -ը համեմատել է այս քաղաքական ուժերի ծրագրերը՝ փորձելով գտնել տարբերություններ ու ընդհանրություններ, պարզել,թե ի՞նչ կետեր են առաջարկում։

Ծրագրերի հիմնական ընդհանրությունն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը խոստանում են Երևանում կառուցել մետրոպոլիտեն, այդ թվում՝ նաև նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր քաղաքաշինական ծրագրում ոչ թե խոստանում է արգելել ապօրինի շինարարությունները, ինչպես մյուսները, այլ պարտավորվում այս ուղղությամբ նոր օրենք մշակել և ընդունել այն։

Մյուս բոլոր քաղաքական ուժերն իրենց խոստումների մեջ ավելի ընդհանրական են, պարզապես նշում են, որ պետք է ընդլայնել մայրաքաղաքի կանաչ մակերեսը, բարելավել հասարակական տրանսպորտը, կարգավորել աղբահանությունը։

Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների ծրագրեր:
«Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ քաղաքային բյուջեն պետք է ունենա մաքսիմալ սոցիալական ուղղվածություն՝ ընդլայնելով անվճար ծառայությունների ցանկը սոցիալապես անապահով խավերի նկատմամբ։

Կուսակցությունը կարևորում է Երևանի համաչափ զարգացումը, խոստանում, որ քաղաքաշինության ոլորտում ամրապնդելու է օրինականություն և կանխելու ապօրինի շինարարությունները, պարտադիր համարում Երևանի սեյսմոլոգիականն քարտեզի ճշգրտումը։

ՕԵԿ-ը առաջնահերթ է համարում վերելակների վերանորոգման կամ փոխարինման աշխատանքները, բնակելի շենքերի բակերում կանաչ գոտիների ձևավորման, զուգարանների և նստարանների տեղադրման, խաղահրապարակների ստեղծման աշխատանքները, աղբահանության բարելավումը, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը՝ բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Բացի այդ, նշվում է նաև, որ կբարելավվի հասարակական տրանսպորտի գործունեության համակարգը՝ ավտոբուսների և տրոլեյբուսների ավելացման և երթուղային տաքսիների թվի կրճատման հաշվին, հնարավորություն ընձեռելով վերսկսել Երևանի Մետրոպոլիտենի կիսակառույց կայանների շինարարությունը։

Մետրոպոլիտենի կայարանների թիվը կընդլայնի նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի նախընտրական ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ առաջարկում է արգելել փոքր կենտրոնում բնակարանային շինությունը։

ՀՅԴ-ն նաև կկանխի մայրաքաղաքի պատմամշակութային դիմագծի խաթարումը, Երևանը կմաքրի ապօրինի և ինքնակամ շինություններից, կընդլայնի բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները։

Դաշնակցությունը նույնպես աղբահանությունը կբարելավի՝ ներդնելով աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ։ Կուսակցությունը խոստանում է մինչև 2017թ-ը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջարային մակերեսը՝ Դալմայում և Նորքում ստեղծելով խոշոր հանգստի գոտիներ, որոնցից մեկը մանկական։

«Ավելի լավ Երևան» խոստացող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առանձնացնում 10 կետերից բաղկացած առաջնահերթություններ. բարեկարգ, հարմարավետ, մաքուր, կանաչ, լուսավոր, անվտանգ, գեղեցիկ, ավանդույթների, ժամանակից և հեռահաղորդակցության Երևան։

Կուսակցությունը կոնկրետ ներկայացնում է մինչև 2017թ-ը անելիքները, այդ թվում նաև՝ «Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի մշակում և ընդունում, տրանսպորտային հանգույցների վերակառուցում և բեռնաթափում, «Հին Երևան» նախագծի կյանքի կոչում, թանգարանների, ճանապարհների շինարարություններ։ Բացի այդ, մյուսների նման ՀՀԿ-ականները ևս խոստանում են բարեկարգ փողոցներ, բակեր։

ՀՀԿ-ն նույնպես նախատեսում է անցկացնել աղբահանության համալիր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, փողոցները մաքրող և լվացող, ձնահավաք մեքենաների ձեռք բերում և շահագործում։ Իշխող կուսակցությունը, ինչպես և մյուսները, կարևորում է աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության և նոր այգիներ հիմնումը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ բոլորի պես մետրոպոլիտեն կայանները խոստանում է ընդլայնել, պարտադիր է համարում Երևանի գլխավոր հատակագծով սահմանված պահանջները բոլորի համար։

Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ ԲՀԿ-ն առաջարկում է կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի պարզեցում և մատչելիության ապահովում:

Ինչ վերաբերում է Երևանի բնապահպանական խնդիրներին, ապա ԲՀԿ-ն առաջարկում է մայրաքաղաքի որոշակի տարածքների նկատմամբ բնապահպանական հատուկ ռեժիմ սահմանել, նշելով, որ անհրաժեշտ է բարելավել Հրազդան գետի կիրճի բնապահպանական և ենթակառուցվածքային պայմանները, աշխատանքներ տանել Երևանյան լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման համար, մայրաքաղաքի կանաչ գոտիների տարածքը մեկ շնչի հաշվով հասցնել նվազագույնը 20 քմ-ի։

«Հայ ազգային կոնգրեսն» իր ծրագրերը բաժանել է երկու մասի. քաղաքական ծրագիրը, որն ուղղված կլինի սահմանադրական կարգի վերականգմանը և Երևանի զարգացման ծրագիրը։

Ըստ ՀԱԿ-ի՝ երևանցիները կձերբազատվեն այսօր գործող «էլիտար սանձարձակության» սկզբունքից, կիրականացվի Երևանի կենտրոնը բեռնաթափելու համալիր ծրագիր, կբացառվի քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը։

Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից տրանսպորտային միջոցներ, այդ թվում էլեկտրոմոբիլներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը: Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղու կառուցումը։

Առկա էկոլոգիական վիճակը շտկելու համար միջոցներ կձեռնարկվեն վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները' զանգվածային ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով: Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար' Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:

«Առաքելություն» կուսակցությունը խոստանում է բացառապես քաղաքապետարանի կողմից իրականացվող տրասնպորտային սպասարկում, մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում գրեթե բոլոր համայնքներով, մետրոյի վարձի նվազում՝ վերադարձ դեպի 50 դրամին, իսկ դպրոցականներին, ուսանողներին, թոշակառումներին՝ անվճար սպասարկում։

«Բարև Երևան» դաշինքը դեռևս չի ներկայացրել իր Երևանի ավագանու նախընտրական ծրագիրը։ Դաշինքից Tert.am–ին ասացին, որ ծրագիրը պատրաստ վիճակում է և կհրապարակվի այսօր կամ վաղը։