ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Ըստ սահմանված կարգի' ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19.15-ից, իսկ հանրային ռադիոյով' 21:15-ից:
«Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով' հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի եթերաժամ: Հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանեց նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցություններին դաշինքին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Նիստին ներկա Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի», Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը պատահականության սկզբունքով ապակե տարայից դուրս էր բերում նախապես համարակալված առարկաները: Հանված յուրաքանչյուր թվով էլ որոշվում էր, թե տվյալ օրը քարոզարշավի եթերաժամի ընթացքում քաղաքական ուժը որերորդն է հանդես գալու: Թե Հանրային հեռուստատեսության, թե Հանրային ռադիոյի եթերի յուրաքանչյուր քարոզչության օրվա համար կատարվեց առանձին վիճակահանություն:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: