Քաղաքական պրոցեսները դուրս մնացին խորհրդարանից, քանի որ տեղի ունեցավ ձայների հրապարակային աճուրդ և սև քարոզչություն մեր դաշինքի նկատմամբ: Այս մասին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: 

 

«Մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահի պաշտպանության խնդիր: Ցավում եմ, որ մենք ունենալու ենք բազմաթիվ խնդիրներ:Պետք է ասեմ, որ մենք, ըստ էության, դեգրադացման վերջին փուլն ենք ապրում: Սրանից հետո կա՛մ երկրի կործանումն է լինելու, կամ՝ ժողովուրդը կսթափվի ու կհասկանա՝ ինչ է տեղի ունեցել: Արձագանքներ արդեն կան, որ մարդիկ անիծում են այն օրը, երբ ընտրակաշառք վերցրեցին ու «Հանրապետական» կուսակցությանն ընտրեցին: Այդ խնդիրների լուծման ճանապարհին ՕՐՕ դաշինքի մեջ ներառված ուժերը շարունակելու են պայքարը: Մենք վերակազմակերպման փուլ ենք սկսել, համագործակցությունը կշարունակվի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

 

Անդրադառնալով առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, Մարտիրոսյանը նշեց՝ դեռ հստակ որոշում չունեն՝ մասնակցել, թե ոչ. «Բայց իմ կարծիքով՝ այս փուլում պետք չէ մասնակցել: Թող ժողովուրդը մարսի այս ընտրությունները, տեսնի՝ ինչ տեղի ունեցավ»: 

 

Ինչ վերաբերվում է ընտրություններին մոտ 1,8 մլն քվերակողների թվին, Մարտիրոսյանը դա հեքիաթի ժանրից համարեց. «Հայաստանում 1,8 մլն մարդ եթե ապրի, դա շատ լավ ցուցանիշ կլիներ: Այդքան քվեարկողները հեքիաթի ժանրից են: Հայաստանի լավագույն ակտիվ քվերակությունը եղել է 1991 անկախության հանրաքվեն, որտեղ ժողովուրդը բուռն մասնակցեց՝ 1 մլն մարդ: Դե հիմա պատկերացրեք՝ ինչքան արտագաղթում ենք, այնքան շատանում է թիվը»,- մանրամասնեց բանախոսը և ավելացրեց՝ ընտրություններին իր քաղաքական գնահատականը խիստ բացասական է:

 

Մարտիրոսյանը հավելեց՝ իրենց պայքարը շարունակվելու է: