Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է օգոստոսին երկրորդ շրջագայությունը կատարել Պարսից ծոցի երկրներով, իսկ սեպտեմբերին կարող է այցելել Գերմանիա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNN Türk հեռուստաալիքին։

Ավելի վաղ Էրդողանը այցելել էր Կատար, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա։ Շրջագայության ընթացքում ստորագրվել են 50,7 մլրդ դոլարի մի շարք համաձայնագրեր։

«Օգոստոսին նախատեսվում է նախագահի երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով՝ Բահրեյն, Օման եւ Քուվեյթ, ինչպես նաեւ այց Իրաք»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 9-10-ին նախագահը կմասնակցի «Մեծ քսանյակի» գագաթաժողովին Հնդկաստանում եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային սեպտեմբերի 18-19-ին։

«Սպասվում է նաեւ, որ Էրդողանը սեպտեմբերին պաշտոնական այց կկատարի Գերմանիա»,- նշել է հեռուստաալիքը։