ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Այն, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերություններ ունի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ' հայտնի է շատերին:
Այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանուն Իլհամ Ալիևի' Սերժ Սարգսյանին փորձում էր համոզել 5 մլրդ դոլարով «վաճառել» Արցախի անվտանգության գոտին (առանց երաշխիքների ու փոխարենը ոչինչ չստանալու)' դա ևս հայտնի էր դարձել շատերին:
Այն, որ Իլհամ Ալիևին և նրա հետ ջերմ հարաբերություն ունեցողներից շատերին, ձեռնտու է թույլիկ Նիկոլ Փաշինյանին մաքրել գործած հանցավոր մեղքերից ու մեղքը բարդել նախորդ ուժեղ իշխանությունների վրա' ևս հայտնի է շատերին:
Բայց, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, արցախյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ գործառույթ էր իրականացնում' փոխարինելով ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա համանախագահությանը' դա բացառիկ նորություն էր:
Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, ի տարբերություն Ադրբեջանի' Հայաստանը սկզբունքային հակասություններ չի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ: Ամեն ինչ հենված էր փոխզիջումային ընկալման վրա: Միթե՞ Լուկաշենկոն չգիտեր այս պարզ ճշմարտությունները:
Այլապես, ինչպե՞ս բացատրել նրա երեկվա հայտարարությունը. պրոադրբեջանական քարոզչությու՞ն, թե՞ պրոնիկոլական ներհայաստանյան խառնակչություն»: