«Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով այսօր Գյումրի էր այցելել Նախախորհրդարանի կազմում, լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Բոլորս տեսնում ենք՝ Հայաստանն ինչպիսի վիճակի մեջ է. հերթական վերարտադրումը օկուպացիոն ռեժիմի, հերթական վերանշանակումը գործող ադմինիստրացիայի, այս դեպքում Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որը տեղի է ունենում ակնհայտ ցինիկությամբ: Այն վարչապետ կոչեցյալը, որի գործունեության ընթացքում արտագաղթի տեմպերը աննախադեպ չափերի են հասել, և դժբախտաբար այդ միտումը խորանում է գնալով, իսկ նա այս ֆոնին վերանշանակվում է»:

Ժիրայր Սեֆիլյանը Տիգրան Սարգսյանի վերանշանակման փաստը բացատրեց այս կերպ.

«Ադմինիստրացիան, որ իշխում է մեր երկրին, նրանք հաշվետու են ոչ թե մեր ժողովրդին, այլ տերերին: Այս դեպքում Սարգսյանները՝ Տիգրանը և նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը, ունեն կապեր, բնականաբար այս մարդիկ իրենց ծառայությունը մատուցել են տերերին, և տերերը շարունակում են իրենց փայփայելով՝ պահպանել այս պաշտոնները, և հույսեր դնել, որ որևէ մի ժամանակ փոփոխություն կլինի տերերից, ես կարծում եմ, որ սա միամտություն կլինի: Փոփոխության հույսը մենք դնում ենք մեր վրա և մեր ժողովրդի վրա»:

Ինչպես հայտնի է, Նախախորհրդարանը Գյումրիում արտագնա նիստ էր կազմակերպել, իսկ նպատակը հանրությանը իրազեկելն էր, որ մայիսից Նախախորհրդարանը անցնում է կոնկրետ գործողությունների, սկսում է հանրահավաքներով ժողովրդի ինքնակազմակերպումը, և որից հետո սկսվելու է նոր իշխանության ձևավորումը՝ զուգահեռ ինքնափլուզվող իշխանությունների:

Քրիստինա Մկրտչյան