ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում և ստուգում է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում իրացվող թռչնամսի նկատմամբ:
Ծառայության կայքէջի փոխանցմամբ, 2013 թ.դիտարկում և ստուգում է իրականացվել «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ում: Լրատվության միջոցների, այդ թվում «Փաստինֆո» գործակալության բազում հրապարակումներից հետո ծառայությունն ի վերջո հրապարակել է որոշ տեղեկություններ ստուգումների արդյունքների մասին:
Ծառայության տեղեկացմամբ, փաստաթղթային նույնականացման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա ընկերության կողմից արտադրված «Գետամեջ» ապրանքանիշի ամբողջ արտադրանքը (շուրջ 80 տոննա) արտադրողի կողմից բաժանվել է թվով 31 խմբաքանակի: Ամբողջ արտադրանքն առանձին հաշվառվել և պահվել է, միաժամանակ Ծառայության պետի համապատասխան որոշմամբ արգելվել է դրանց իրացումը և հանվել շրջանառությունից: Ծառայության մասնագետների հանձնարարությամբ և անմիջական մասնակցությամբ յուրաքանչյուր խմբաքանակից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով վտանգավոր ճանաչված խմբաքանակը ոչնչացվել է, իսկ մնացած մասերի լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, և յուրաքանչյուր խմբաքանակի անվտանգությունը փորձաքննության արդյունքում հիմնավորվելու պարագայում կթույլատրվի հետագա իրացումը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով իրականացված դիտարկման ընթացքում կատարվել են նմուշառումներ 2012թ. օգոստոսի արտադրության «Սադիա» և 2012թ. սեպտեմբերի արտադրության «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքում տվյալ խմբաքանակների «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերում արձանագրվել է աճի խթանիչների՝ սահմանված թույլատրելի քանակի շեղում: Ծառայության առաջադրանքով հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից և ոչնչացվել, որի արդյունքում բացառվել է դրանց հետագա իրացումը:
Իրացման կետերում առկա «Սադիա» հավերի 2012 թվականի մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արտադրության խմբաքանակները ճանաչվել են առողջության համար անվտանգ:
Սննդամթերքի հետ կապված հնարավոր վտանգի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով հանձնարարվել է Ծառայության կազմում գործող սահմանային հսկիչ կետերին՝ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերի ներմուծման ժամանակ՝ անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությամբ ներմուծվող բեռի անվտանգությունը որոշելու համար:
Ծառայության կողմից նաև ձեռնարկվել են միջոցառումներ վարակիչ հիվանդությունների ներթափանցումն ու տարածումը կանխելու համար: Այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ծառայության պետի հրամանով արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Հեղինակ:
«Փաստինֆո»