Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ Չինաստանից որոշ ապրանքներ չեն կարողանում ներկրել, ինչը, հավանաբար, կապված է այնտեղ տարածված կորոնավիրուսի հետ:
Գործարարը, ով զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով, պատմեց, որ ապրանքը վերջացել է, սակայն Չինաստանից հաջորդ խմբաքանակն այդպես էլ դուրս չի հանվում: Հայաստանում որոշ ապրանքների պակասն արդեն իսկ զգացվում է:
Օնլայն գնումներ կատարած քաղաքացիներն էլ մեզ փոխանցեցին, որ ուշացել են չինական օնլայն խանութներից կատարված պատվերները, իսկ նոր պատվերներ էլ շատ հաճախ չեն ընդունվում:
Նշենք, որ նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով Հայաստանն արգելել է Չինաստանից և չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը: Կենդանական ծագման մթերքներից Չինաստանից Հայաստան է ներմուծվում հիմնականում ծովամթերք՝ ծովախեցգետին, ծովատառեխ, օձաձուկ, ութոտնուկ և այլն: Սակայն Չինաստանից ներմուծվող բուսական ծագման ապրանքների վրա արգելք չկա:
Պետական եկամուտների կոմիտեից ԼՈՒՐԵՐ.com-ին ասացին, որ կոմիտեն և մաքսայինը սահմանափակման կարգավորում չեն արել: Չինաստանում գտնվող մեր հայրենակիցներից ևս հետաքրքրվեցինք՝ ի պատասխան ասացին, որ խնդիրը հնարավոր է պայմանավորված է Չինաստանի Նոր տարվա տոներով և ինչպես Հայաստանում տոնական օրերին չեն աշխատում, շատ խանութներ փակ են լինում, նույնն էլ Չինաստանում է: Նրանց կարծիքով՝ խնդիրը բացարձակապես կապ չունի կորոնավիրուսի հետ:
Հիշեցնենք՝ 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր անհայտ տեսակի թոքաբորբի մասին ավելի քան 11 միլիոն բնակչությամբ առևտրատնտեսական խոշոր կենտրոնում` Վուհան քաղաքում: Հունվարի 7-ին հաջողվել էր հայտնաբերել հիվանդության հարուցիչը` 2019-nCoV կորոնավիրուսը, որը գրանցվել էր նաև այլ երկրներում: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, ժամանակավորապես արգելվել է որոշ երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ուղիղ ավիահաղորդակցությունը:
Այս պահին եղած տվյալներով կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 259-ի:
Սոնա Հարությունյան