ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ղեկավար Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին և Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության գլխավոր քարտուղար Ֆրանկ Բարեթը:
Ողջունելով հյուրերին՝ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարևոր գերակայություն է և կուսակցությունը նպատակ ունի էլ ավելի խորացնելու եվրոպական իր օրակարգը: Գագիկ Ծառուկյանը կարևորել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության հետ դեռևս անցած տարի Բրյուսելում սկիզբ առած համագործակցությունը, նշելով, որ դավանած արժեքների ընդհանրությունն ու ավելի լավ Եվրոպա ունենալու ձգտումը լուրջ հիմք են' սկսված փոխգործակցությունը որակական նոր մակարդակ տեղափոխելու համար:
Իր հերթին Մարտին Քալանանը նշել է, որ անչափ կարևորում է հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերից մեկի' ԲՀԿ-ի հետ համագործակցությունը և իրենք մեծապես շահագրգիռ են սկսված գործընկերային հարաբերությունները ԲՀԿ-ի հետ առավել խորացնելու հարցում:
Անդրադառնալով Ասոցացման պայմանագրի բանակցություններին, ինչպես նաև Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին' Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը կնպաստի երկրում ժողովրդավարական արժեքների հաստատմանը, ինչպես նաև առավել բաց ու մրցունակ տնտեսական հարաբերությունների կառուցմանը: Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների ու ԲՀԿ-ի միջև խորացնել սկսված համագործակցությունը՝ այն տեղափոխելով որակական նոր հարթություն: