Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործվել է որպես պոռնկանոց։ Համենայն դեպս, այն մշտապես տրամադրվել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար։
«Մայամի» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում, որը հիմնադրել է Վոլոդյա Ավայանը 1999թ.և փաստացի ղեկավարել այն: Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրում որպես փոխտնօրեն է աշխատել Վ.Ավայանի եղբորորդին՝ Ջոնիկ Ավայանը։ Քրեական գործի նյութերի համաձայն, վերջինս իր հորեղբոր հետ նախնական համաձայնությամբ, հյուրանոցային համալիրը տրամադրել է նշված հյուրանոցի բակում կանգնած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար' ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:
Ավելին, պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից' յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ' գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:
Կատարած հանցավոր արարքների համար Վոլոդյա և ՋոնիկԱվայանները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և որպես խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորություն:
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: