Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր խոշոր հրդեհ է բռնկվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանալ Շտապ օգնության և Հրշեջ ծառայության մեծ թվով բրիգադներ, ու մինչ նրանց ժամանումը մանկատան աշխատակիցները կարողացել են իրենց ուժերով երեխաներին դուրս բերել:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, տեղում է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
***
19:30
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հրշեջները արդեն մարել են կրակը, մեկուսացվել է ամբողջությամբ, և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ դեպքի վայր էին ժամանել 8 մարտական հաշվարկ՝ հրշեջներ, 4 շտապ օգնության բրիգադներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա այն դեպքն է, որ ծառայություններն աշխատեցին օպերատիվ:
Տարհանվել է 42 երեխա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի