Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև ապագա համագործակցության հեռանկարները. մեջբերում է Грузия-Online-ը:
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց ուշադրությունն են բևեռել նախագծերի վրա, որոնք վրացական և ադրբեջանական կողմերը իրականացնում են համատեղ:
Մասնավորապես՝ խոսքը գնացել է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության աշխատանքների մասին:
Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ այդ երկաթուղու միջոցով Վրաստանն ու Ադրբեջանը կկապվեն Եվրոպայի հետ, ինչը աշխարհաքաղաքական տեսանկյունից ռազմավարական կարևոր նշանակություն ունի և հանդիսանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքը:
Նշենք, որ Սաակաշվիլին Բաքու էր այցելել Հարավկովկասյան ֆորումին մասնակցելու նպատակով: