Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ «Տաշիր Պիցցա»–ի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Մայրը տեղում մահացել է, իսկ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց:
Այս պահին վրաերթի վայր են ժամանել Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գյումրի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչները:
Տեղում աշխատում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը այս պահին ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ, պարզելու, վրաերթի հետևանքով մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը: