Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել են. թե ով կամ ովքեր են հեղինակները՝ ըստ ոստիկանության, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները:
Պռոշյան գյուղում մարդիկ ոչ մի վարկած ո՛չ առաջ են բերում, ո՛չ էլ բացառում, միայն սպասում են ոստիկանության պատասխանին:
Lurer.com-ի թղթակիցը սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի օգնական Աղվան Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ վարկածներ ունի կատարվածի վերաբերյալ.
-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ միտում եք տեսնում այդ գրությունների մեջ, ինչո՞ւ պետք է նման բան անեին։
-Միտումը չգիտեմ, ես դեռևս չեմ կարող ոչինչ ասել, որովհետև իմ աչքով չեմ տեսել, որ ինչ-որ բան ասեմ։ Բայց եթե վերցնենք բառակապակցության իմաստը' «ավարտվեց հանդեսը», անմիջապես քառասունքից հետո, կասկածների տեղիք է տալիս:
-Պատերին նաև սրտեր են նկարված, չե՞ք կարծում՝ մանկական քայլ է։
-Իմ կարծիքով՝ երեխան ուրիշ բան կգրեր, այո, իմ աչքով էլ տեսա՝ սրտեր էր նկարված: Միգուցե, դա էլ է հնարավոր: Ճիշտն ասած, աստիճանների վրա մոմեր կային, վերցրեցի, պահեցի, որ հանձնեմ ոստիկանությանը, գուցե մատնահետքեր գտնվեն, կարող է երեխա է եղել, ի՞նչ իմանամ: Ոստիկանությունը մի քանի անգամ եկել է, քննությունն է իրականացնել, տեսնենք՝ ինչ կասեն:
-Իսկ գյուղում հարցի շուրջ ի՞նչ խոսակցություններ կան, մարդիկ ի՞նչ վարկածներ են առաջ քաշում։
-Գյուղում ոչ մի բան էլ չեն խոսում, գյուղացին ի՞նչ խոսի, ամեն մարդ իր ներսում է ցավը տանում։
-Իսկ պարոն Մուրադյանի հարազատներին հանդիպե՞լ եք, նրանք ի՞նչ տեսակետ են հայտնում։
-Բարեկամների հետ հանդիպում չեմ ունեցել, չեմ զրուցել:
Նելլի Ավետիսյան