Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը Գերմանիա կատարած աշխատանքային այցին անդուր անակնկալի է հանդիպել: Գերմանական «Ֆոկուս» հանդեսը Ալիեւի այցի հետ կապված հրապարակման մեջ նրան «մամուլի թշնամի» է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միլիոնից ավելի տպաքանակ ունեցող հանդեսն իր ընթերցողներին հանգամանորեն տեղեկացրել է Ալիեւի ղեկավարած Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված խայտառակ իրավիճակը: «Ադրբեջանի նախագահ Ալիեւը կալանքի տակ է պահում լրագրողներին եւ բլոգերներին» վերտառությամբ հոդվածում հանդեսն անդրադարձել է ազատ միտք արտահայտող լրագրողների դեմ այդ երկրում իշխանությունների կողմից իրագործվող հետապնդումների եւ ճնշումների մասին:
«Այսօր Ալիեւը պետք է հանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանում քննադատական ձայների դեմ շարունակվող աննախադեպ բռնաճնշումների պայմաններում: Այդ ավտորիտար երկրում նվազագույնը 12 լրագրող եւ բլոգեր կան ձերբակալված», -գրում է հանդեսը:
Հանդեսը նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» եւ միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ Անգելա Մերկելին կոչ են արել Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանում խոսքի ազատությունը կոպտորեն ոտնահարվելու հարցը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում աշխարհի 180 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 160-րդ տեղը: Կազմակերպությունը միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մտցրել է «մամուլի թշնամիների» ցուցակ:
Նշենք, որ հիշյալ կազմակերպությունն այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլերի նստավայրի առաջ հակաալիեւյան բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանում կալանված լրագրողներին ազատ արձակելու պահանջով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այդ առնչությամբ բոլոր համախոհներին կոչ է արել մասնակցել համացանցում կազմակերպված' «Ազատություն Խադիջային» աջակցության արշավին: