Գյումրու քաղաքապետարանի երեխաների խնամակալության և հոգաբարձության բաժնի համապատասխան հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Թերեզա Գրիգորյանը, ով երեխաների և նրանց ընտանիքների հետ զբաղվում է սկսած 1988 թ-ից, նշում է, որ եթե նախկինում ամեն մի երրորդ երեխան էր հանձնաժողովի կողմից քննարկման արժանանում, ապա հիմա նրանց թիվն ավելացել է, կտրուկ աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Ընդ որում, այս խնդիրը անհանգստացնող է հատկապես Գյումրիում:
«88 թ-ի երկրաշարժից հետո Հայաստանի մանկական ֆոնդի Գյումրու մասնաճյուղի հետ սկսել եմ հասարակական գործունեություն, զոհվածների երեխաներով էին զբաղվում: Այն ժամանակ քաղաքի ամեն մի երրորդ երեխայի ճակատագիր մանկության ֆոնդի հետ էր առնչվում, հիմա նույն տրամաբանությամբ գործող քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ առնչվում է ամեն մի երկրորդ երեխայի ճակատագիր: Հարկ եմ համարում ասել, որ մենք ստեղծել ենք հիմքեր և բազա, որ մարդիկ անընդհատ դիմեն մեզ: Բայց խնդիրներ ունենք: Ունենք խնդիրներ նաև բարգավաճող ընտանիքներում պաշտոնյաների մոտ, հիմնական խնդիրն այս ընտանիքներում բռնություններն են կանանց և երեխաների շրջանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Թերեզա Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ավելացել են ամուսնալուծությունները, և երեխաների բնակության վայրը որոշելու խնդիրն է սուր դրվում: «Հայրը ուզում է իր խնամքի տակ մնա, մայրը ուզում է՝ իր մոտ: Երեխայի գերակա շահերից ելնելով ենք որոշում կայացնում մենք: Մեր խնդիրը չէ միացնել ընտանիքը, բայց առաջին իսկ այցից մեր հարցադրումը դա է լինում՝ չե՞ք ուզում միանալ: Մշտապես հիշում, ուրախանում եմ և մյուս բաժանվող ընտանիքների համար օրինակ եմ բերում մեր հաջողված փորձերը, որ կարողանում ենք նորից ընտանիքը միացնել: Այսօր զավեշտալի է, որ 14-15 տարվա ընտանիքն է քայքայվում, բայց սրտանց ցավ եմ ապրում, երբ նորաստեղծ ընտանիքներն են քայքայվում, և մեզ մոտ են հայտնվում բարուրը ձեռքերին մայրեր»:
Թերեզա Գրիգորյանի խոսքերով՝ միայն սոցիալական գործոնը մատնանշելը սխալ է: Երիտասարդների մոտ նախ և առաջ բացակայում է ծնողավարության հմտություններն ու փորձը: Մասնագետի խոսքերով՝ մեզ մոտ ընտանեկան եռաստիճան համակարգ է դեռ գործում, իսկ երիտասարդները պատրաստ չեն դրան, և հաճախ ավագ սերունդն է մեղավոր ստեղծված վիճակի համար:
«Սկեսուր, սկեսրոջ սկեսուր. այ հաճախ մի ընտանիքում տարբեր սերունդների գոյությունն է հանգեցնում երիտասարդ ընտանիքի փլուզմանը, երիտասարդները ինքնուրույն ու կազմակերպված են հաճախ առանց նրանց»:
Քրիստինա Մկրտչյան