Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 3 միլիոն 9800 մարդ: Տարեսկզբի համեմատ՝ մշտական բնակչության թվաքանակը նվազել է 7300-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 2100-ով: Բնակչության թվաքանակի նվազումը հիմնականում արձանագրվել է միգրացիայի արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ամփոփելով 2014թ. առաջին կիսամյակը:
«2014թ. առաջին կիսամյակում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 19 401: 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 3,2 տոկոս: Իսկ 2014թ. առաջին կիսամյակում մահվան դեպքերը կազմել են 14 929, 2013 թվականին՝ 14 310 դեպք: Աճը կազմել է 3,4 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Կարինե Կույումջյանը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետն ընդգծեց, որ նվազել են մանկական մահացությունների դեպքերը:
«Եթե 2013 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների 185 մահվան դեպք, ապա այս տարի միայն 176 է: Նվազել են նաև մինչև չորս տարեկան երեխաների մահվան դեպքերը»,-նշեց նա:
Նա ընդգծեց, որ Հայաստանում արական սեռի ծնունդներ են ավելի շատ գրանցվում: Աղջիկների համար ծնողները հաճախ ընտրում են Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անահիտ անունները, տղա երեխաների համար առավել մեծ ժողովրդականություն են վայելում Դավիթ, Նարեկ, Ալեքս, Գոռ, Հայկ անունները:
Մասնագետն ընդգծեց, որ 2014թ. առաջին կիսամյակում 8,4 տոկոսով աճել են ամուսնության դեպքերը՝ կազմելով 9566 գրանցում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8822-ի համեմատ: Դրան զուգահեռ 35, 5 տոկոսով աճել են ամուսնալուծությունները: