27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է՝ քննության փուլում: Սակայն սպանված տղայի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, բողոքում է, որ դատաքննությունը չի ընթանում այնպես, ինչպես պետք է ընթանար:
Հիշեցնենք' խոսքը այն երիտասարդի մասին է, ով փորձում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ և ում սպանեցին հենց նշանադրության օրվա առավոտյան:
Սպանված երիտասարդի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հիմա գտնում է, որ ամբաստանյալի աթոռին պետք է լիներ ոչ միայն Հարություն Սարգսյանը, այլ բոլոր նրանք, ովքեր նախատեսել և կազմակերպել են իր տղայի սպանությունը: «Կազմակերպված հանցագործություն է եղել' վաղօրոք նախատեսված սցենարով: Ոճրագործություն է տեղի ունեցածը, իմ ամենաթանկը կորցրել եմ...էլ կորցնելու բան չունեմ և մինչև վերջ գնալու եմ, որ ոճրագործը արժանի պատիժ կրի: Ինքը (ամբաստանյալ Հարություն Սարգսյանը) զարմացել է, որ մենակ է ինքը դատարանում»:
Անահիտ Իսկանդարյանը, ինչպես նաև սպանված Կարեն Եսայանը, ԱՄՆ քաղաքացի են: Սպանված տղայի մայրը ասաց, որ ինքը պատրաստվում է դիմել ԱՄՆ դեսպանատուն և ԱՄՆ կառավարությանը և պահանջել, որ արդար դատաքննություն լինի, քանի որ ինքը չի հավատում հայաստանյան արդարադատությանը:
«Դատական պրոցեսը հիշեցնում է մի շոու և այդ իսկ պատճառով հոգեբանական մեծ սթրես ապրելով՝ այլևս որոշել եմ, որ չեմ կարող և չեմ մասնակցելու դատական նիստներին, քանի որ ամեն նիստից հետո ստիպված են լինում ինձ համար բժիշկ կանչել: Դրա համար ես' որպես քաղաքացի, դիմելու եմ ԱՄՆ դեսպանատուն և բողոքելու եմ, որ իմ տղան էլ է ԱՄՆ քաղաքացի և պահանջելու եմ միջազգային կառույցների ուշադրությունը, որովհետև ես երեխա եմ կորցրել ու պատասխան են տալու, թե ինչի համար են սպանել»,-ասաց Ա. Իսկանդարյանը:
Տուժողի իրավահաջորդը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց նաև, որ իրեն վիրավորում է ամբաստանյալի պահվածքը դատարանում: «Վիրավորում է ամբաստանյալի պահվածքը դատարանում: Ուրախ-զվարթ նստած է, ում վրա է ծիծաղում, ո՞ւմ է ինքը ձեռք առնում, անամոթաբար ամեն անգամ հայտարարում է՝ մի վաճառեք, տիկին, ձեր տղայի գերեզմանը: Իմ առողջությունն արդեն թույլ չի տալիս ներկա գտնվել նիստերին ու տեսնել, թե նա ինչպես է քչփչում իր փաստաբանի հետ, կամ ինչպես են վկաները գալիս ու բոլորովին տարբեր ցուցմունքներ տալիս: Նրանց ոչ մեկի ցուցմունքը նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքների հետ չի բռնում:
Փոխած են այդ բոլոր ցուցմունքները: Նախաքննության ցուցմունքները դատախազը հրապարակում է դատարանի դահլիճում, որը չի համապատասխանում դատարանում նրանց տված ցուցմունքին:
Նշենք, որ Կարեն Եսայանին սպանելու մեղադրանքով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը, որի հարազատներն ու փաստաբանները հայտարարում են, որ բացարձակ ապօրինություն է այդ արարքը Հարությունի վզին փաթաթելը, քանի որ դրա համար հիմքեր չկան, և Հարությունը չի ճանաչել Կարեն Եսայանին և նրան սպանելու համար ոչ մի տրամաբանություն չկա:
Քրիստինա Մկրտչյան